Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Լիլիթ Մարգարյանն արժանացել է «Հայկական նորաձևության իկոնա» տիտղոսի

29 հունս. 2017

Նկարիչ մոդելավորող Լիլիթ Մարգարյանը պատմում է ստացած մրցանակների և նորաձևության միտումների մասին

Գարնանը Փարիզում առաջին անգամ կայացավ  հայ-եվրոպական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին հայկական երգարվեստի ճանաչված և սիրված դեմքեր։ «Le Zénith Paris - La Villette» հանրահայտ համերգասրահում հայ արտիստներն իրենց ելույթներով հանդես եկան եվրոպաբնակ հայրենակիցների և հյուրերի առջև, իսկ հայրենիք վերաադարձան  մրցանակներով։ Մրցանակաբաշխության հետքերով զրուցեցինք նկարիչ և դիզայներ Լիլիթ Մարգարյանի հետ, որը բավականին օրիգինալ մրցանակ էր ստացել մրցանակաբաշխության օրը:

- «Armenian Europe Music Awards»-ն իր տեսակով առաջինն էր Եվրոպայում  և Դուք էլ, այն առաջիններից էիք, որ ստացավ  մրցանակ՝ «Հայկական նորաձևության իկոնա»: Բացե՞նք փակագծերը:

-Այո, «Armenian Europe Music Awards»-ն իր տեսակով առաջինն է Եվրոպայում: Կազմակերպիչների գաղափարն էր ստեղծել մշակութային մեգանախագիծ` ժամանակակից տեխնիկական մեծ լուծումներով, և ամենակարևորը` կառուցել ամուր կամուրջ հայ-եվրոպական մշակույթների միջև: Նախագծի հիմնադիրներն են «Anna Karolina Production»-ը և «Chahbazian Groupe»-ը: Հայաստանից մեկնել էին, այն երգիչները, արտիստները, որոնք արժանացել էին  նրանց ուշադրությանը: Պարզվեց, որ ես նույնպես արժանանալու եմ մրցանակի: Ստացել եմ «Հայկական նորաձևության իկոնա» մրցանակը: Ստանալ նորաձևության մրցանակ ու հենց Փարիզի սրտում, դա մի աննկարագրելի զգացում էր: Բավականին գեղեցիկ խոսվեց դահլիճում իմ մասին, այն  էլ այն մարդկանց կողմից ովքեր անձամբ ինձ գրեթե չէին ճանաչում, սակայն որոշել էին գնահատել իմ մասնագիտական գործունեությունը: Կյանքում այդքան հուզված չեմ եղել բեմի վրա, ինչքան այդ օրը: Այնտեղ ներկայացրի 100 ամյակին նվիրված իմ հավաքածուն: Մի դահլիճում, որտեղ կար 6000 հայ մարդ, կարծում եմ, որ  հենց այդ հավաքածուն ցուցադրելը սխալ չէր իմ կողմից:

-Վերջերս մի կոչում էլ Ավետ Բարսեղյանից ստացաք:  Կպատմե՞ք: 

-Ավետն ինձ այնպիսի բառեր նվիրեց, որից հետո ես այլևս իրավունք չունեմ չստեղծագործելու ու նորովի չներշնչվելու: Տողերում ասվում է, որ ես ճակատագրեր կարող ձեռքեր ունեցող կին եմ ու դա ինձ իսկապես հուզել էր: Ավետը վստահ է, որ իմ ձեռքով կարված հարսանյաց զգեստները հարսիկներին երջանկություն են բերում: Ինչ խոսք, նման տողեր ստանալը ևս հավասարազոր է միջազգային մրցանակների: Ավետը վստահ է, որ իմ ձեռքով կարված հարսանյաց զգեստները երջանկություն են բերում զույգերին:

-Տարիների ընթացքում եղե՞լ է այնպիսի մի հարսանյաց զգեստ կամ հարսիկ, որի հետ աշխատել եք ու կառանձնացնեիք:

-Գործունեությանս ընթացքում բավականին տարբեր հարսիկների ու հարսանյաց տարաբնույթ զգեստների հետ եմ աշխատել: Առանձնացնել  չեմ էլ փորձի, քանի որ նրանցից յուրաքանչյուրն  անձնապես օրիգինալ ու կարևոր է ինձ համար: Ամեն անգամ սկսում եմ աշխատել նույն ոգևորությամբ ու սիրով` ինչպես 20 տարի առաջ եմ արել: Ամեն ինչ անում եմ, որ տվյալ զգեստի մեջ հարսիկն իրեն հնարավորինս լավ ու գեղեցիկ զգա:

-Միջագային նորաձևության ոլորտում  կա՞ մեկն, ում համար կցանկանայիք ինքներդ զգեստ կարել:

-Միշտ նայում եմ հայտնի դիզայներների հագուստները, բայց փորձում եմ չմտածել այդ մասին ու ավելորդ չտանջել ինձ: Իսկապես հետաքրքիր կլիներ, թե ինչ կանեի ես, եթե մի օր նման առաջարկ ունենայի: Ավելին ասեմ՝ երբեմն համաշխարհին հայտնի դիզայներները զարմացնում են իրենց անճաշակությամբ: Մեզ թվում է, որ մենք ու մեր փոքրիկ հայրենիքն ենք ու աշխարհի նորաձևությանը քիչ բան ունենք ասելու, բայց արի ու տես, որ միշտ չէ, որ նրանք իրավացի են: Բնականաբար հիացմունք առաջացնող հագուստներն անհամեմատ ավելի շատ են ու երբեմն նախանձով եմ նայում իրենց շոուներին, շքեղ ցուցադրություններին:

-Երևանը երբևէ  կվերածվի՞  նորաձևության քաղաքի: Ի՞նչ  եք կարծում:

-Կարելի է ասել, որ Երևանում բավականին աշխուժություն է նորաձևության ասպարեզում: Եթե տարիներ առաջ բողոքում էինք, որ միատիպ են, որ ծայրահեղական են հագնվում, ապա հիմա նման կարծիք ասել չենք կարող: Այսօր շատ նորաձև մարդկանց կարող ես տեսնել փողոցում: Երբեմն նույնիսկ չափից ավել համարձակ նորաձև: Աղջիկներն առանձնահատուկ արագ են ընկալում նորը ու դա նույնիսկ երբեմն զարմացնում է, որովհետև մենք կոնսերվատիվ ազգ ենք եղել , իսկ հիմա ամեն ինչ փոխվել է: Առաջ մեկ- երկու տարի հետո էինք քայլում  նորաձևության ետևից, իսկ հիմա՝ համահունչ առաջ ենք գնում: 

- Վերջերս Ձեզ պատկանող  «Lilit»  նորաձևության տան սաների ավարտական երեկոն  էր: Ենթադրում ենք, որ մանկավարժական հարթության մեջ  սա առաջին փորձը  չէր:

- Մինչ դպրոց հիմնելը, ես ունեմ նաև 4 տարվա մանկավարժական փորձ այս ոլորտում, քանի որ դասավանդել եմ տարբեր կրթահամալիրներում: Ինչ վերաբերում է իմ դպրոցին, ապա այն մեկ տարվա կյանք ունեցող համակարգ էր և սաներս այլևս ավարտեցին ու պետք է փորձեն իրենց տեղը գտնել նորաձևության արևի տակ: Ես մասնագիտություն սովորել եմ 5 տարի, սակայն փորձեցի մեկ տարվա ընթացքում տալ և՛ փորձս, և՛ մասնագիտական  կարողություններ: Հուսով եմ, որ ստացվեց:

-Դպրոցի առաքելությունը սահմանափակվելո ՞ւ է  մեկ շրջափուլով:

- Սեպտեմբերից կսկսվի նոր կուրսի ընդունելություն  և նորից կձևավորենք նոր ընտանիք և նոր մասնագետներ կպատրաստենք հայկական նորաձևության համար: Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան միանալ մեր թիմին, ապա կարող են տեղեկատվություն ստանալ դպրոցի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

-Որտեղի՞ց կարող են մարդիկ ձեռք բերել Ձեր կողմից մոդելավորված հագուստները:

-«Lilit»  նորաձևության տնից և  «El Fashion Avenue»  նորաբաց խանութից, որտեղ ներկայացված են նաև մեր նորաձևության տան հագուստները:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր