Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Շոկոլադի դիմաց պատրաստ են ամեն ինչ անել». Գրիգոր Դանիելյանը՝ «Նվագախմբի երեխաները» նախագծում որդու մասնակցության մասին

19 օգս. 2017

«Նվագախմբի երեխաները»` այսպես է կոչվում բազմասերիանոց մյուզիքլը, որը շուտով կցուցադրվի «Արմենիա Պրեմիում»-ի եթերում: ArmՏtar.am-ն այս անգամ զրուցել է դերասան և սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ՝  նախագծում որդու նկարահանման առաջարկի, արձագանքների և մոտիվացիաների մասին:

«Ինձ զանգահարեցին  «Նվագախմբի երեխաները»  նախագծի կազմակերպիչները  և ասացին, որ «Տրիո» ստուդիայում ցանկանում են քասթինգ անցկացնել, քանի որ նոր նախագիծ են սկսում և նրանց տաղանդավոր երեխաներ են անհրաժեշտ: Մասամբ ծանոթացա ձևաչափին, սցենարին և որոշեցի, որ տղաս էլ  մասնակցի լսումներին, քանի որ սցենարում կար կերպար, որը բավականին  նման էր որդուս խառնվածքին: Արդյուքում մեր ստուդիայից լսումներն անցան որդիս՝ Ալբերտոն և  մեր սաներից՝ Հայկուհի Ղուլյանը»,- պատմում է Գրիգորը:

Հետաքրքիր  է, որ չնայած ծնողների ոգևորությանը՝ Ալբերտոն մյուզիքլում նկարահանվել չի ցանկացել. «Պիտի ասեմ, որ բավականին դժվար ենք համոզել, որ գա նկարահանվելու: Ասում էր, որ չի ուզում ու վերջ: Մոտիվացիա մտածեցի՝ ասել եմ, որ վճարելու են ու բավականին բարձր թիվ եմ ասել: Ոգևորվեց, հետո համաձայնեց ու անգամ ծրագրել է, թե ինչ է գնելու այդ գումարով եղբոր ու իր համար: Առաջին նմակարահանումից անմիջապես հետո մոռացավ մոտիվացիայի մասին, բայց ես խոստումս անելու եմ, որ հիասթափություն չզգա»:

Կա կարծրատիպ, որ հայտնի մարդիկ իրենց երեխաներին «առաջ բրդելու» մեջ գիտակ են: Հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս է Գրիգորը վերաբերելու նմանատիպ խոսակցություններին, եթե դրանք մի օր լինեն․ «Ալբերտոյի երաժշտական և դերասանական կարողություններին փորձում եմ հնարավորինս օբյեկտիվ մոտենալ: Ո՛չ ես եմ որոշել, որ որդիս բացառիկ կարողություններ ունի, ո՛չ էլ նրան ենք նման գաղափարներով լցնում, քանի որ դեռ երեխա է ու պարզապես հնարավորության դեպքում փորձում ենք նրան տարբեր բնագավաներում: Այն փաստը, որ ես հեռուստատեսությունում եմ աշխատում՝ դեռ չի նշանակում, որ որդիս առավելություն ունի որևէ երեխայից: Եթե կկարողանա շնորքի ու աշխատասիրության շնորհիվ որևէ հաջողության հասնել, ապա միայն ուրախ կլինեմ: Ինձ ոչ մեկ առաջ չի բրդել ու նույնն էլ որդուս եմ ասել, որ հույսը միայն իր վրա դնի: Թե ինչ կխոսեն մարդիկ, ինչպիսի արձագանք կտան՝ միայն նրանց իրավունքն է: Հատուկ միջոցներ չունեմ դրա դեմ պայքարելու: Սրանք ընդամենը փորձեր են՝ հասկանալու համար, թե որ ոլորտում նա կկարողանա ապրել, արարել, երբ մեծանա: Եթե ուզում եք իմանալ, ապա ես բնավ էլ չեմ ուզում, որ տղաս դերասան դառնա»,- ArmՏtar.am-ի հետ զրույցում պատմում է Գրիգորը:

Գրիգորը բավականին մանրամասն ծանոթ էր սցենարին, չնայած երբեք նկարահանումներին չի մասնակցում և փորձում է որդու այդ տեսակ գործունեությունից անմասն մնալ․ «Բացարձակապես չեմ խառնվում նկարահանումներին : Ճիշտ չեմ համարում շարունակ հետևողի դերում լինել: Գիտեմ, որ սցենարում կան երեք կերպարներ՝  Լյուդվիգը,Վանը և Բեթհովենը: Ալբերտոն մարմնավորում է Լյուդվիգին:  Գիտեմ, որ այդ 3 երեխաները պատուհասներն են նախագծի: Նրանք շոկոլադի դիմաց պատրաստ են ամեն ինչ անել: Պիտի ասեմ, որ բավականին հաջողված սցենար է գրվել և վստահ եմ, որ սիրվելու է հայ հեռուստադիտողի կողմից»,- ասում է Ալբերտոյի հայրիկը:

Պարզվում է, որ մոտիվացիայից զատ, Ալբերտոն այլ բողոքներ էլ է ունեցել «Նվագախմբի երեխաները» մյուզիքլից․ «Մյուզիքլը եթերում ցուցադրվելու է 12 մասից: Երբ տվեցին սցենարը ու Ալբերտոն տեսավ, թե ինչ զբաղվածությամբ է գնալու նկարահանման հրապարակ՝ սրտնեղեց: Նեղվել էր, որ կան սերիաներ, որտեղ ինքը մասնակցություն չունի: Բավականին երկար զրուցել եմ հետը, իմ օրինակներով եմ ցույց տվել, որ կար ժամանակ 2 րոպեանոց դերեր եմ խաղացել ամբողջ ֆիլմում ու հետո ժամանակի ու աշխատասիրության շնորհիվ եմ բավականին հաջողության հասել  և այլն: Երբեմն  էլ բողոքում է, որ երկար է սպասում իր տեսարանին: Մեկ-մեկ պատմում է,որ գիտես մի տեսարանի համար 3 ժամ սպասում եմ և այլն: Բացատրում եմ, որ նկարահնման հրապարակը այդպիսի բան է, որ մի շարք պահանջների հետ պետք է նաև համբերատար լինես և հասկանաս, որ գործդ համբերություն է պահանջում: Հուսով եմ, որ ասածիս գոնե 80 տոկոսը տեղ է հասել»,-զրույցը եզրափակեց Գրիգոր Դանիելյանը:

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր