Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Ոնց մտածում ենք, քեզ ենք տեսնում այս դերում»․ Լուսինե Արշակյանը`«Նվագախմբի երեխաները» մյուզիքլում իր դերի մասին

08 օգս. 2017

Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում հոկտեմբերից կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը։  Զվարճալի ու հետաքրքիր զարգացումներով հեռուստաֆիլմում հեռուստադիտողը կտեսնի  նաև դերասանուհի Լուսինե Արշակյանին, որը հայ հեռուստադիտողին և հանդիսատեսին հայտնի է «Խաթաբալա», «Բալզամինովի ամուսնությունը», «Շառլ Ազնավուր և Պիաֆ», «Պաղդասար ախպար» և այլ ներկայացումներից, «Նախաճաշ երկուսի համար», «Խնկարկում» գեղարվեստական և «Ինչ էլ որ լինի» փաստագրական ֆիլմերից, «Կյանքի գինը»  սերիալից, «Տաքսի Նեմա», «Տնփեսա»  սիթքոմերից և այլն: ArmStar.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց նոր դերի, երաժշտության հանդեպ ունեցած իր սիրո և երեխաների հետ աշխատանքի մասին:

«Դերասանը պետք է կարողանա ինչպես դրամատիկական, այնպես էլ կատակերգական դերեր կերտել: Երբ «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլի կազմակերպիչները զանգահարեցին  ու ասացին, որ հրավիրում են խաղալ, անմիջապես համաձայնեցի և չեմ զղջում, քանի որ սցենարը չափազանց գրավիչ էր, իսկ երեխաների գործոնն էլ՝ կրկնակի ոգևորող: Մյուզիքլում նկարահանվելու առաջարկն էլ շատ հետաքրքիր արվեց, ասացին` Լուսինե ջան, ոնց մտածում ենք, քեզ ենք տեսնում այս դերում: Մի շնչով կարդացել եմ սցենարը ու տպավորվել միանգամից»,- ասաց դերասանուհին:

«Տնփեսա» սիթքոմում Անուշավան պապիկը նրան դիմում էր փաղաքշական ամենատարբեր բառերով, նրան հիմնականում տեսնում էինք խոհանոցում ուտեստներ պատրաստելիս, իսկ այս մյուզիքլում Լուսինեին տեսնելու ենք  դպրոցի բուֆետի աշխատակցուհու կարգավիճակում՝ ուտեստներ վաճառելիս  և կարծես թե առանց մականվան։ Դերասանուհու  խոսքով` հերոսուհին` Լալան, աշխույժ, ուրախ, գունեղ ու կոկիկ կերպար է։ Նա երեխաների հետ, և՛ խիստ է լինում, և՛ ընկերական, և՛ խորհուրդներ է տալիս։

«Կերպարս հետաքրքիր լուծումներով և ինտրիգներով է զարգանում։ Սա ինձ համար տարբերվող, նոր ձևաչափ է։ Չնայած, հեռուստասերիալներում խոհարարուհու դեր եմ խաղացել և շատերի մոտ կարծիք կստեղծվի, որ նույն դերն է, այդպես չէ։ Իմ խաղացած բոլոր դերերը տարբեր են իրենց ասելիքով ու տեսակով։ Հետաքրքիր է, որ հեռուստատեսային նախագծերում ինձ միշտ տեսնում են շերեփը ձեռքիս»,– ժպիտով նշում է  Լուսինեն։

Հետաքրքիր էր իմանալ, թե Լուսինեն իր կրտսեր կոլեգաներին որքանով է ուղղորդում ընտրել դերասանի մասնագիտությունը. «Հիշողությունների գիրկն ընկա: Ընտանիքում, թերևս, միայն մայրս էր ուրախ դերասանուհի դառնալու որոշմանս համար, իսկ 4 եղբայրներս դեմ էին: Այնուամենայնիվ, ընդունվեցի Թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական բաժին` իրականացնելով իմ և մայրիկիս երազանքը: Ասածս ինչ է՝ եթե իսկապես ցանկանում են դերասան դառնալ, ապա պետք է գնան իրենց երազանքի ետևից ու այստեղ նույնիսկ խանգարելն է անիմաստ: Այս երեխաների հետ իսկապես մտերմացել եմ: Երբեմն երեխաները մոռանում են, որ նկարահանում է և գալիս, ասում են` տիկին Լալա, այ սրանից կտա՞ք, ուտեմ  կամ կոճակս պոկվել է, կկարե՞ք։ Ասում եմ` այ երեխեք ջան, ես էլ ձեզ նման դերասան եմ»:

Երաժշտական նախագիծ է ու տրամաբանորեն ակնկալվում է լսել նաև Լուսինեի ձայնային տվյալները․ «Իրականում ես երգով բավականին ժամանակ է զբաղվում եմ: Երգի հանդեպ սերը ժառանգել եմ մայրիկիցս: Նա շատ լավ ձայն ունի, սակայն ծնողները չեն ցանկացել, որ արվեստի ուղին ընտրի: Ունեմ հեղինակային երգ, տեսահոլովակներ և բազմաթիվ ձայնագրություններ, երբեմն մասնակցում եմ համերգների: Գուցե մեկ օր էլ ձայնասկավառակ թողարկելու երազանքս իրականացնեմ: Ինչ վերաբերում է այս մյուզիքլին, ապա հեռուստադիտողը ձայնս լսելու առիթ կունենա: Մյուզիքլում ես ակապելա եմ երգում: Հուսամ, որ հեռուստադիտողի սպասելիքներն կարդարացնեմ»,– մեզ հետ զրույցը եզրափակեց Լուսինեն:

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր