Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլի նկարահանումներն ավարտվել են (լուսանկարներ)

01 օգս. 2017

«Նվագախմբի երեխաները» մյուզիքլի նկարահանումներն ավարտված են, և նախագիծը մտնում է հետարտադրական փուլ։ ArmStar.am-ին հաջողվեց ներկա գտնվել նկարահանման հրապարակում և զրուցել նախագծի հեղինակների հետ։

«Մյուզիքլի գործողությունները զարգանում են մտացածին երաժշտական դպրոցում: Հեռուստանովելի յուրաքանչյուր մասում կերպարների հետ կապված պատմությունները իրար հերթափոխում են, պարբերաբար իրադարձությունների կիզակետում են հայտնվում  տարբեր հերոսներ, այդուհանդերձ, ողջ եթերաշրջանի ընթացքում կարմիր գծով անցնում է տղաներից մեկի պատանեկան առաջին սիրո պատմությունը»,-սցենարական բացահայտումներով ArmStar.am-ի հետ կիսվեց նախագծի կրեատիվ պրոդյուսեր և սցենարի համահեղինակ Ջեյմս Նազարյանը:

Սցենարիստն ասում է, որ երեխաներն ուսմանը զուգահեռ նաև կուռ երաժշտական կոլեկտիվ են, սակայն, մերթընդմերթ նրանց միջև հասունանում են պատանեկան տարիքին բնորոշ, նաև անխուսափելի կոնֆլիկտներ: Հեղինակները քաջ գիտակցում են աճող սերնդի աշխարհայացքի ու արժեհամակարգի ձևավորման վրա ֆիլմի ունեցած հնարավոր ազդեցությունը, այդ պատճառով շատ մանրակրկիտ և ինքնաքննադատորեն են մոտեցել յուրաքանչյուր մանրուքի:

Այս ամենից անպակաս է հումորն ու երաժշտությունը,  իսկ ֆիլմում հնչող երգերը ստեղծվել են հատուկ այս նախագծի համար: ««Նվագախմբի երեխաները» ֆիլմաշարի երաժշտական ձևավորումն իրականացվել է ձայնագրման ժամանակակից պահանջներին բավարարող ստուդիաներում՝ ոլորտի առաջատար մասնագետների ու լավագույն երաժիշտների կողմից:  

ժանրը պահանջում է, որ երաժշտական համարները  բխեն սցենարից, տեսարաններից և դեպքերի զարգացումներից, և այստեղ ևս այդ սկզբունքը պահպանվել է: Սկզբում երգերի մրցույթ էր հայտարարվել, և հետագայում համապատասխան երգեր են ընտրվել»,- ArmStar.am-ի հետ զրույցում ասաց նախագծի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը:

Հիշեցնենք, որ «Նվագախմբի երեխաները»  մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց հեռուստաֆիլմն իրականացնում են «ArmStar» և «Ucom» ընկերությունները:

Սցենարի հեղինակներն են Ջեյմս Նազարյանը, Խորեն Թևանյանը, Երվանդ Ասլանյանը, Գուրգեն Մնացականյանը, բեմադրող ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է, երկրորդ ռեժիսորը՝ Վարդան Կուղյանոսյանը։ Օպերատորներ՝ Տիգրան Խալաֆյանց, Հովհաննես Գրիգորյան, հնչյունային ռեժիսոր՝ Արթուր Ջուլհակյան, խորեոգրաֆ՝ Քրիստինե Հովակիմյան։ Ֆիլմի տնօրեն՝ Սերգեյ Նալբանդյան, կոորդինատոր՝ Արմինե Թովմասյան, գծային պրոդյուսեր՝ Արտյոմ Զաքարյան, գործադիր պրոդյուսեր՝ Ալեքսանդր Մհերյան։ Նախագծի գլխավոր պրոդյուսերը Գրիգոր Նազարյանն է։

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ նկարահանման վերջին օրվա ընթացքից։

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի


 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր