Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Մանկական նոր ալիք 2017»-ի հաղթող Անահիտ Ադամյանը՝ «Նվագախմբի երեխաների» թվում հայտնվելու մասին

17 հուլ. 2017

«ArmStar»-ը, «Ucom»-ը  ներկայացնում են նոր մյուզիքլ՝ «Նվագախմբի երեխաները»: Նախագծում ներգրավված են պատանիներ, ովքեր վաղուց չեն կաշկանդվում բեմից ու տեսախցիկի առջև կերպար ընդունելուց: Մասնակիցներից մեկն էլ Անահիտ Ադամյանն է, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ, երբ մասնակցեց Մալթայի մայրաքաղաք Վալետայում ընթացող «Մանկական եվրատեսիլ 2016»-ին և ներկայացրեց Հայաստանը: Պրոֆեսիոնալ և պատանի ժյուրիների, փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը վաստակեցին 232 միավոր և զբաղեցրին 2-րդ հորիզոնականը:

Իսկ այս տարի երգչուհին հաղթանակ տարավ «Մանկական նոր ալիք-2017» միջազգային մրցույթում։ Անահիտմ ապրում է Սոչիում, իսկ այս օրերին նկարահանումները պատանի երգչուհուն բերել են հայրենիք:

«Արդեն երևի բոլորը գիտեն, որ ես Աշոտ Ղազարյանի թոռնուհին եմ: Պետք է ասեմ, որ  «Նվագախմբի երեխաները» նախագծում հայտնվելուս  «գլխավոր մեղավորը» հենց պապիկն է, քանի որ նրա խորհրդով եմ մասնակցել քասթինգին: Քասթինգն անցա, ու սկսվեց մի պրոցես, որը իսկապես մեծ բավականություն է  պատճառում ինձ», - ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Անահիտը:

Անահիտն ասում է, որ չնայած պապն է հորդորել մասնակցել, բայց այս օրերի ընթացքում նա երբևէ նկարահանման հրապարակ չի եկել․ «Ամբողջ օրը զբաղված է, բայց երբեմն ինձ մասնագիտական խորհուրդներ է տալիս, որոնց, փորձում եմ հետևել»:

Խոսելով նախագծում մարմնավորած իր կերպարի մասին՝ Անահիտն ասում է, որ նա գլամուրային աղջիկ է, ով իր օրը սկսում  և ավարտում է սոցիալական ցանցերի ուղիղ եթերներում ու անդադար սելֆի անելով:

Հարցին, թե որքանով է ստացվում  մարմնավորել սցենարիստների նկարագրած կերպարը, փոքրիկ երգչուհին պատասխանեց․ «Կարծում եմ, որ դժվար բան չկա: Հուսով եմ, որ նախագիծը տեսնելուց հետո, հասակակից հեռուստադիտողներն էլ կսկսեն ավելի քիչ ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում: Ինձ  թվում է, որ երեխաները սիրելու են մեր ֆիլմը  և այն օգտակար է լինելու նրանց համար»: Նկարահանումներն իրականացվում են Արմենիա հեռուստաընկերությունում, որտեղ հատուկ նախագծի շրջանակներում կառուցվել է հսկայական հրապարակ:

«Նկարահանումներն անցնում են գունավոր ու մարդաշատ տարածքում: Մեծ ոգևորությամբ ենք գալիս հեռուստաընկերություն: Արդեն հասցրել եմ ընկերներանալ երեխաների հետ: Այս օրերին ծնողներս մեկնել են ԱՄՆ, սակայն ես միայն ուրախ եմ, որ մնացել եմ Հայաստանում և ունեմ հնարավորություն մասնակցելու այս ֆիլմի նկարահանումներին: Երբեմն օրվա վերջում հոգնում եմ, բայց նույնիսկ այդ դեպքում չեմ ուզում, որ այս օրերը վերջանան: Գիտեմ, որ հետո բոլորին կարոտելու եմ»,- ասաց Անահիտ Ադամյանը:

Հիշեցնենք, որ «Նվագախմբի երեխաները»  հայրենական հեռուստատեսության առաջին մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց նախագիծն է լինելու եթերում: Արմենիա պրեմիումի եթերում այն կլինի աշնանային նոր եթերաշրջանում:

ArmStar.am
Լուսանկարները՝ Կարեն հովհաննիսյանի

 

Կարող եք գնահատել:
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր