Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

Լիլիթ Մարգարյանն արժանացել է «Հայկական նորաձևության իկոնա» տիտղոսի

29 հունս. 2017

Գարնանը Փարիզում առաջին անգամ կայացավ  հայ-եվրոպական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին հայկական երգարվեստի ճանաչված և սիրված դեմքեր։ «Le Zénith Paris - La Villette» հանրահայտ համերգասրահում հայ արտիստներն իրենց ելույթներով հանդես եկան եվրոպաբնակ հայրենակիցների և հյուրերի առջև, իսկ հայրենիք վերաադարձան մրցանակներով։ Մրցանակաբաշխության հետքերով ArmStar.am-ը զրուցեց նկարիչ-մոդելավորող Լիլիթ Մարգարյանի հետ:

- «Armenian Europe Music Awards»-ն իր տեսակով առաջինն էր Եվրոպայում  և Դուք էլ, այն առաջիններից էիք, որ ստացավ  մրցանակ՝ «Հայկական նորաձևության իկոնա»: Բացե՞նք փակագծերը:

-Այո, «Armenian Europe Music Awards»-ն իր տեսակով առաջինն է Եվրոպայում: Կազմակերպիչների գաղափարն էր ստեղծել մշակութային մեգանախագիծ` ժամանակակից տեխնիկական մեծ լուծումներով, և ամենակարևորը, կառուցել ամուր կամուրջ հայ-եվրոպական մշակույթների միջև: Նախագծի հիմնադիրներն են «Anna Karolina Production»-ը և «Chahbazian Groupe»-ը: Հայաստանից մեկնել էին այն երգիչները, արտիստները, որոնք արժանացել էին  նրանց ուշադրությանը: Պարզվեց, որ ես նույնպես արժանանալու եմ մրցանակի: Ստացել եմ «Հայկական նորաձևության իկոնա» մրցանակը: Ստանալ նորաձևության մրցանակ ու հենց Փարիզի սրտում, դա մի աննկարագրելի զգացում էր: Բավականին գեղեցիկ խոսվեց դահլիճում իմ մասին, ընդ որում, այն մարդկանց կողմից, ովքեր անձամբ ինձ գրեթե չէին ճանաչում, սակայն որոշել էին գնահատել իմ մասնագիտական գործունեությունը: Կյանքում այդքան հուզված չեմ եղել բեմի վրա, ինչքան այդ օրը: Այնտեղ ներկայացրի Եղեռնի 100-ամյակին նվիրված իմ հավաքածուն: Մի դահլիճում, որտեղ կար 6000 հայ, կարծում եմ, որ  հենց այդ հավաքածուն ցուցադրելը սխալ չէր իմ կողմից:

-Վերջերս մի կոչում էլ Ավետ Բարսեղյանից ստացաք:  Կպատմե՞ք: 

-Ավետն ինձ այնպիսի բառեր նվիրեց, որից հետո ես այլևս իրավունք չունեմ չստեղծագործելու ու նորովի չներշնչվելու: Տողերում ասվում է, որ ես ճակատագրեր կարող ձեռքեր ունեցող կին եմ, ու դա ինձ իսկապես հուզել էր: Ավետը վստահ է, որ իմ ձեռքով կարված հարսանյաց զգեստները հարսներին երջանկություն են բերում: Ինչ խոսք, նման տողեր ստանալը ևս հավասարազոր է միջազգային մրցանակների:

-Տարիների ընթացքում  եղե՞լ  է  այնպիսի մի հարսանյաց զգեստ կամ հարս, որի հետ աշխատանքը կառանձնացնեիք:

-Գործունեությանս ընթացքում բավականին տարբեր հարսիկների ու հարսանյաց տարաբնույթ զգեստների հետ եմ աշխատել: Առանձնացնել  չեմ էլ փորձի, քանի որ նրանցից յուրաքանչյուրն  անձնապես օրիգինալ ու կարևոր է ինձ համար: Ամեն անգամ սկսում եմ աշխատել նույն ոգևորությամբ ու սիրով, ինչպես 20 տարի առաջ եմ արել: Ամեն ինչ անում եմ, որ տվյալ զգեստի մեջ հարսիկն իրեն հնարավորինս լավ ու գեղեցիկ զգա:

 

-Երևանը երբևէ  կվերածվի  նորաձևության քաղաքի: Ի ՞նչ  եք կարծում:

-Կարելի է ասել, որ Երևանում բավականին աշխուժություն կա նորաձևության ասպարեզում: Եթե տարիներ առաջ բողոքում էինք, որ միատիպ են, ապա հիմա նման կարծիք ասել չենք կարող: Այսօր շատ նորաձև մարդկանց կարող ես տեսնել փողոցում: Երբեմն նույնիսկ չափից ավել համարձակ նորաձև: Աղջիկներն առանձնահատուկ արագ են ընկալում նորը ու դա նույնիսկ երբեմն զարմացնում է, որովհետև մենք կոնսերվատիվ ազգ ենք եղել , իսկ հիմա ամեն ինչ փոխվել է: Առաջ մեկ- երկու տարի հետո էինք քայլում  նորաձևության ետևից, իսկ հիմա՝ համահունչ առաջ ենք գնում: 

- Վերջերս  Ձեզ պատկանող  «Լիլիթ» նորաձևության տան սաների ավարտական երեկոն  էր: Ենթադրում ենք, որ մանկավարժական հարթության մեջ  սա առաջին փորձը  չէր  չէ ՞:

- Մինչ դպրոց հիմնելը, ես ունեմ նաև 4 տարվա մանկավարժական փորձ այս ոլորտում, քանի որ դասավանդել եմ տարբեր կրթահամալիրներում: Ինչ վերաբերում է իմ դպրոցին, ապա այն մեկ տարվա կյանք ունեցող համակարգ էր․ սաներս ավարտեցին, ու պետք է փորձեն իրենց տեղը գտնել նորաձևության արևի տակ: Ես մասնագիտություն սովորել եմ 5 տարի, սակայն փորձեցի մեկ տարվա ընթացքում տալ և՛ փորձս, և՛ մասնագիտական  կարողություններս: Հուսով եմ, որ ստացվեց:


-Դպրոցի առաքելությունը սահմանափակվելո՞ւ է  մեկ շրջափուլով:

- Սեպտեմբերից կսկսվի նոր կուրսի ընդունելություն  և կձևավորենք նոր ընտանիք և նոր մասնագետներ կպատրաստենք հայկական նորաձևության համար: Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան միանալ մեր թիմին, կարող են տեղեկատվություն ստանալ դպրոցի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

-Որտեղի՞ց կարող են մարդիկ ձեռք բերել Ձեր կողմից մոդելավորված հագուստները:

-«Լիլիթ» նորաձևության տնից և  «El Fashion Avenue»  նորաբաց խանութից , որտեղ ներկայացված են նաև մեր նորաձևության տան հագուստները:

ArmStar.am
Լուսանկարները՝ Լիլիթ Մարգարյանի անձնական արխիվից

Կարող եք գնահատել:
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր